Իսպանիայի Գերագույն դատարանը արգելել է դատավոր Բալտասար Գարսոնին զբաղվել մասնագիտական գործունեությամբ 11 տարի:
Նման որոշում կայացվել է փաստաբանների հեռախոսների ապօրինի գաղտնալսման գործի քննության արդյուքնում: Գարսոնը մեղադրվում էր, որ ապօրինաբար հրահանգել է լսել Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամներ Ֆրանսիսկո Կորրեայի եւ Պաբլո Կրեսպոյի բանակցությունները իրենց փաստաբանների հետ: Կորրեան եւ Կրեսպոն այդ ժամանակ գտնվել են բանտում կոռուպցիայի մեղադրանքով: Գարսոնը պնդում էր, որ փաստաբանները եւս մեղսակից են այդ գործին:
Գարսոնի դեմ նաեւ լիազորությունների վերազանցման մեղադրանք է ներկայացվել: Նրա կողմնակիցները պնդում են, որ դատավորի դեմ գործը հարուցվել է քաղաքական շարժառիթներով:
Բալտասար Գարսոնը ամենահայտնի դատավորներից է, ով բազում աղմկոտ գործեր է քննել: 1998թ. նա է տվել Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի ձերբակալության հրամանը: 2000թ. նա գրավի դիմաց ազատ էր արձակել ռուսաստանցի մեդիամագնատ Վլադիմիր Գուսինսկիին:




























