Մարդահամարի նախնական տվյալների հրապարակումը կրկին կրքերի թեժացման պատճառ հանդիսացավ: Հիշեցնենք` 2001 թ. համեմատ 2011 թ. մշտական բնակչության թիվը կրճատվել է մոտ 170 հազարով, իսկ մշտականներից էլ մոտ 400 հազարը մարդահամարի օրերին բացակայում էր հանրապետությունից: Ու դեռ հարց է` այդ 400 հազարից որ մասն է բացակայում ժամանակավոր, որ մասը` մշտապես:

Շատերը արտագաղթի հիմնական պատճառ համարում են սխալ տնտեսական քաղաքականությունը: Դրանում ճշմարտության տարրեր կան, սակայն չմոռանանք, որ մեր երկրում արտագաղթ գոյություն ուներ նաեւ այն ժամանակ, երբ երկնիշ տնտեսական աճ էր արձանագրվում: Հետեւաբար` արտագաղթը չի կարելի բացատրել միայն տնտեսական գործոններով: Առավել եւս, որ կարող են լինել նաեւ արտագաղթի օբյեկտիվ պատճառներ: Մարդկության պատմության հենց սկզբից մարդիկ գաղթել են` լեռներից դեպի դաշտավայրերը, անապատներից դեպի հովիտները, գյուղերից դեպի քաղաքները, ծայրամասային շրջաններից` դեպի կենտրոնականները, գաղութներից` դեպի մետրոպոլիաները եւ այլն: Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) կենտրոնը Ռուսաստանն է: Այդ երկիրը միշտ էլ ավելի մեծ տարածք ու ռեսուրս է առաջարկելու կենսագործունեության համար, ուստի միշտ էլ միգրացիայի նախընտրելի վայր է հանդիսանալու: Ի վերջո` Ռուսաստան կամ Եվրոպա գաղթում են ոչ  միայն նրանք, որոնք աղքատ են, այլեւ նրանք, որոնք բարեկեցության հետ խնդիրներ չունեն, սակայն ձգտում են ավելիին: Հայաստանից արտագաղթածներից մոտ 20%-ը հենց այդ շարժառիթով է առաջնորդվում:

Չմոռանանք, որ Հայաստանից Ռուսաստան գաղթեցին զգալի թվով քրեական տարրեր, որոնց համար Ռուսաստանում թալանելն ու գողանալն ավելի շահութաբեր է:

Ի՞նչ պետք է անել մնացած 80%-ին պահելու համար: Կա 2 հիմնական ուղղություն (պայմանականորեն բացառենք քաղաքական կամ մշակութային շարժառիթները, թեեւ դրանք բնավ էլ երկրորդային գործոններ չեն): Առաջին` կառավարությունը պետք է բարելավի գործարարությամբ զբաղվելու պայմանները, մինչեւ որ բիզնեսը կարողանա ինքնուրույն լուծել զբաղվածության եւ աղքատության խնդիրը: Կառավարությունը միայն 2009 թ. ճգնաժամից հետո սկսեց այս ուղղությամբ զգալի քայլեր անել, իսկ մինչ այդ մենք կորցրել ենք 19 տարի: Որպեսզի իրականացվող քայլերն արդյունք տան` հարկավոր է սպասել եւս մի քանի տարի, բայց այդ ընթացքում մի քանի հազար մարդ կհասցնի հեռանալ: Ընդ որում` գործարարության պայմանների բարելավումը միայն ընթացակարգային խնդիրներին չի վերաբերում, թեեւ կառավարությունում հակված են հարցը քննարկել միայն այդ տեսանկյունից:

Շատ կարեւոր է, օրինակ, ներդրումների ֆինանսավորման հարցը, վարկերի տոկոսադրույքը, տարածքների խնդիրը, արտոնությունների հարցը եւ այլն:

Երկրորդ ուղղությունն այն է, որ կառավարությունն ինքն ավելացնի իր ծախսերն այն հաշվով, որ դրանք հատուկ նպատակաուղղված լինեն աշխատատեղեր ստեղծելուն: Դրա համար լավագույն տարբերակը կապիտալ ծախսերն ավելացնելն է, ճանապարհների, ամբարտակների, դպրոցների կամ այլ օբյեկտների շինարարությունը, թեեւ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը նախընտրում էր հասարակական աշխատանքները: Մեր կառավարությունը, որպես կանոն, նման ծրագրերն իրականացնում է օտարերկրյա ֆինանսավորմամբ` վարկեր կամ դրամաշնորհներ ձեռք բերելով: Զուգահեռ` Կենտրոնական բանկում կառավարության ազատ (չօգտագործված) միջոցները ամսեամիս աճում են ու ներկայում գտնվում են մոտ 80 մլրդ դրամի սահմանններում, թեեւ տարվա ընթացքում կարող են գերազանցել 100 մլրդ դրամը: Ակնհայտ է, որ կառավարության ծախսային պասիվությունը, որքան էլ այն պայմանավորված լինի օբյեկտիվ պատճառներով (խնայողություններ, պլանավորման թերությունների շտկում եւ այլն) հակադարձ համեմատական է տնտեսական ակտիվությանը:

Անշուշտ` գոյություն չունեն տնտեսական քաղաքականության հրաշք-մոդելներ: Լավագույն լուծումները գտնվում են միայն օպերատիվ աշխատանքի արդյունքում: Այս առումով` կողքից խորհուրդներ տվողի դերում հայտնվելու ցանկություն չունենք: Թեեւ նշենք, որ գերտերությունների ամենահայտնի լիդերները միշտ էլ ուշադիր են եղել ակադեմիական շրջանների քննադատությանը կամ էլ առաջարկություններին:

Սամվել Ավագյան