Կապանում մահացել է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ երկարամյա աշխատակիցը: 56-ամյա Թանգի Բեգլարյանը փետրվարի 8-ին ժամը 18-ի սահմաններում մահացել է հերթափոխից անմիջապես հետո: Աշխատանքն ավարտելուց հետո, հանդերձարանում վատացել է Բեգլարյանի ինքնազգացողությունը, ում անմիջապես շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: Այստեղ բժիշկների կողմից արձանագրվել է, որ Բեգլարյանը մահացած է:

«Արմենպրեսսի» հաղորդմամբ, կոմբինատի տնօրինությունը առայժմ զերծ է մնում կատարվածը մեկնաբանելուց` սպասելով բժիշկների վերջնական եզրակացության: Ձեռնարկության կառավարության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը տեղեկացրել է, որ տարին մեկ անգամ ձեռնարկության բոլոր աշխատակիցները պարտադիր անցնում են բուժզննում:

Բեգլարյանը աշխատում էր կոմբինատի ֆաբրիկայում որպես եռակցող: Վերջինս Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչ էր, երեք երեխաների հայր, ունի 2 թոռ: Բժիշկների նախնական եզրակացությամբ` Բեգլարյանը մահացել է սրտի կաթվածից:

Ուղիղ մեկ տարի առաջ դարձյալ փետրվարի 8-ին դժբախտ պատահար էր տեղի ունեցել «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ Շահումյանի ստորգետնյա հանքում, ինչի հետեւանքով մահացել էր ընկերության աշխատակից, 1977թ. ծնված, երկու երեխաների հայր Արմեն Եղիազարյանը, ով աշխատանք գտնելու նպատակով Սիսիանից տեղափոխվել էր Կապան եւ արդեն 7 տարի է աշխատում էր կոմբինատում: