Ամերիկյան Amazon ընկերությունը նախատեսում է մի քանի հազար աշխատակցի կրճատել վերջին ժամանակներում աշխատուժի իր ամենամեծ կրճատման շրջանակում, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ կրճատումների հաջորդ փուլը տեղի կունենա եկող շաբաթ եւ կկազմի անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարված արդյունավետության ծրագրի մասը։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է կրճատել մոտ 27 հազար աշխատող, որոնցից մոտ 14 հազարը արդեն կրճատվել է։
Կանխատեսվում է, որ կրճատումները կանդրադառնան Amazon Web Services ամպային բաժնի, ինչպես նաեւ Prime Video հոսքային ծառայության աշխատակիցների վրա։
Ավելի վաղ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել էր ընկերության մեծ բաժնեմաս՝ մեկ օրում ունենալով ավելի քան 3 միլիարդ դոլարի հասույթ։ Նա վաճառել էր ավելի քան 16 միլիոն բաժնետոմս, երբ Amazon-ի բաժնետոմսերի գինը մոտեցել էր բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին։
Amazon-ը աշխարհի ամենամեծ առցանց մանրածախ առեւտրով զբաղվող ընկերություններից մեկն է եւ գործում է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Եվրոպայում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995թ․։



























