Շաբաթ օրը Մինեապոլիսում (Մինեսոթա) սահմանապահի կրակոցները, որոնք հանգեցրել են մի տղամարդու մահվան, պետք է տագնապի ազդանշան լինեն բոլոր ամերիկացիների համար՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։

CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը ԱՄՆ քաղաքացի, 37-ամյա բուժեղբայր Ալեքս Փրեթին էր։ «Ալեքս Փրեթիի սպանությունը հոգեցունց ողբերգություն է»,- ասել է Օբաման X-ում հրապարակած հայտարարության մեջ։ «Այն նաեւ պետք է տագնապի ահազանգ լինի բոլոր ամերիկացիների համար՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, քանի որ մեր հիմնական արժեքներից շատերը ավելի ու ավելի շատ են ենթարկվում հարձակման»։

ԱՄՆ 44-րդ նախագահը նշել է դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների դժվար աշխատանքը, բայց նաեւ նշել է, որ ամերիկացիներն ակնկալում են, որ նրանք «կատարեն իրենց պարտականությունները օրինական եւ հաշվետու կերպով»։ «Մինեսոթայում մենք դա չենք տեսնում. իրականում մենք տեսնում ենք հակառակը»,- գրել է Օբաման։ «Հուսով եմ, որ այս ողբերգությունից հետո վարչակազմի պաշտոնյաները կվերանայեն իրենց մոտեցումը եւ կսկսեն փնտրել [Մինեսոթայի] նահանգապետ Թիմ Ուոլցի եւ [Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ] Ֆրեյի, ինչպես նաեւ տեղի եւ նահանգային իրավապահ մարմինների հետ կառուցողական համագործակցության ուղիներ՝ հետագա քաոսից խուսափելու համար»։

Նախկին նախագահի համոզմամբ՝ «յուրաքանչյուր ամերիկացի պետք է աջակցի եւ ոգեշնչվի Մինեապոլիսում եւ երկրի այլ վայրերում տեղի ունեցող բողոքի խաղաղ ցույցերից»։

Բողոքի վերջին ալիքը Մինեապոլիսում սկսվել է հունվարի 24-ին, այն բանից հետո, երբ սահմանապահ ծառայության աշխատակիցը քաղաքում կրակել եւ սպանել է մի տղամարդու։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ զոհը դիմադրել է դաշնային գործակալներին, երբ նրանք փորձել են առգրավել նրա զենքը։ Մի քանի շաբաթ առաջ՝ հունվարի 7-ին, անօրինական ներգաղթյալներին գտնելու նպատակով իրականացված գործողության ժամանակ, ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցները պահանջել են, որ մի կին, որը կանգնած է եղել իր մեքենայով ճանապարհի մեջտեղում, դուրս գա մեքենայից։ Երբ մեքենան առաջ է շարժվել, մի ոստիկան կրակ է բացել վարորդի վրա, եւ կինը մահացել է ստացած վերքերից։