Հնդկաստանի իրավապահ մարմինները Ռաջաստանում հայտնաբերել եւ առգրավել են մոտ 10 հազար կիլոգրամ պայթուցիկ նյութ Հանրապետության օրվա նախօրեին։ Այս մասին տեղեկացրել է Hindustan Times թերթը։

«Ստացված ներքին տեղեկատվության հիման վրա՝ Նագաուրի ոստիկանության հատուկ խումբը հունվարի 25-ին խուզարկել է մեղադրյալ Սուլեյման Խանի տունը Տանվլում եւ հայտնաբերել մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մրիդուլ Կաչհվան։

Ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմինները, Սուլեյմանը իր դաշտում թաքցրել էր 9 550 կիլոգրամ ամոնիումի նիտրատ, ինչպես նաեւ ինը տուփ դետոնատորներ, 15 գլան կապույտ պայթուցիկ լար, ինը գլան կարմիր պայթուցիկ լար եւ այլն։

Քննիչները պարզել են, որ մեղադրյալը պայթուցիկներ է մատակարարել հանքերի սեփականատերերին: «Այնուամենայնիվ, հաշվի առնելով բռնագրավված մեծ քանակությունը, մենք կասկածում ենք, որ նա կարող է ներգրավված լինել ավելի մեծ դավադրության մեջ»,- ասել է ոստիկանության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Պաշտոնյաները նշել են, որ ամոնիումի նիտրատը նախկինում ներգրավված է եղել խոշոր պայթյուններում, այդ թվում՝ 2025թ․ նոյեմբերին Դելիի Կարմիր ամրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

Դեկտեմբերի 2-ին Ռաջաստանում բռնագրավվել է բեռնատար անօրինական պայթուցիկներով, որոնք կարող էին ավերածություններ պատճառել մոտ 10 կիլոմետր շառավղով: Մեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր: Մեկ օր անց ոստիկանությունը նաեւ ձերբակալել է երկու տղամարդու եւ նրանցից բռնագրավել 150 կիլոգրամ ամոնիումի նիտրատ Տոնկ շրջանում:

Հանրապետության օրը Հնդկաստանի հիմնական ազգային տոներից մեկն է: 1950թ․ այդ օրը ուժի մեջ է մտել անկախ երկրի սահմանադրությունը: Շքերթներ, երթեր, համերգներ եւ այլ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում Հնդկաստանի բոլոր նահանգների եւ միութենական տարածքների մայրաքաղաքներում: Ավելի վաղ India TV-ն, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր տոնի առթիվ Հնդկաստանում ահաբեկչական սպառնալիքների մասին: Ի պատասխան՝ երկրում ներդրվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: