2025-ին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելիս նշել է նախարար Արփինե Սարգսյանը։
Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։
Քրեական ոստիկանությունն արձանագրել է չբացահայտված սպանության 0 դեպք, ինչը նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է՝ որպես հանցավորության կանխարգելման համատեքստում էական ցուցանիշ։ Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործության դեպքերը՝ 2024-ին եղել են 11 948, 2025-ին՝ 14 969, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ներից զոհերի ցուցանիշները՝ 2024-ին թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025-ին՝ ևս 50-ով։ Արդյունավետության բարձր ցուցանիշ առկա է նաև վարչական իրավախախտումների մասում․2025-ին պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ՃՈ-ի կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր։




























