Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում։ Այս երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել։ Այս մասին Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելիս նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներքին գործերի նախարարը մանրամասնել է, որ 2023 թվականին 2022–ի համադրությամբ արձանագրվել է ՉՏՊ–ների հետևանքով զոհերի թվի աճ։ Սակայն 2024–ին 2023–ի համեմատ զոհերի թիվը նվազել է 45–ով, 2025–ին 2024–ի համեմատ՝  50–ով։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ 5435 անձանց  վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։

Վարչապետն ընդգծել է, որ այս թվերը չեն կարող միմյանց հետ կապ չունենալ, դրա համար էլ վարորդական իրավունքից զրկվածների թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ «Ուզում եմ հիշեցնել, թե 2022 և 2023 թվականներին ինչ մթնոլորտ էր Հանրապետությունում, այդ թվում՝ Ազգային ժողովում, սոցիալական ցանցերում, ասում էին, թե ոչինչ չի ձեռնարկվում։ Հիմա եթե այս 5435 անձը վարեր՝ զոհերի թիվը չէր կարող նվազել և այս 2 թիվը պետք է միմյանց հետ համադրությամբ ներկայացնել»,– նշել է երկրի ղեկավարը։      

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի հետևություն  ունենք ՆԳՆ–ում, մասնավորապես, Ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների բովանդակային հատվածի հետ կապված, «արդյոք ճիշտ ճանապարհով ենք գնում»։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել, որ առանձնացրել են որոշակի ցուցանիշներ, որոնք իր գնահատմամբ, վկայում են կայացրած որոշումների արդյունավետության մասին։ «Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ Քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2024–ին առգրավվել էր 426 կգ։ Ընդ որում, փոքր չափերի մասին չէ խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական և ներմուծման շղթաների վրա։ Սրա արդյունքում է, որ ունենք մեծ խմբաքանակների պատկեր և թույլ չենք տալիս հետագայում փոքր չափերի շրջանառությունը։

Առգրավված, կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ եթե դիտարկենք, ապա 2025–ին արձանագրվել է ավելի քան 42 տոկոս աճ։ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նախորդ տարի առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսված ձուկ և շեշտը պետք է դնենք կանխարգելման կոմպոնենտի վրա»,– նշել է ՆԳ նախարարը։ Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3–րդը Պարեկային ծառայության բացահայտումներն են, ընդ որում՝ եթե 2024–ին այդ թիվը եղել է 11 հազար 695, ապա 2025–ին այն կազմում է շուրջ 15 հազար դեպք։