ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի գործ է վարել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի վերաբերյալ: Գործը վարել են Ջորջ Բուշ ավագի կարգադրությամբ, ով ցանկացել է Ջոբսին տեսնել իր խորհրդականների շարքում: 1991-ին Ջոբսը մտել է ԱՄՆ նախագահին կից գործող Արտահանման հարցերով փորձագետների խորհուրդ:
ՀԴԲ-ի գործում նկարագրված է նրա կյանքը պատանեկության շրջանում: Գրեթե քսան տարի փաստաթղթի մասին ոչ մի տեղեկություն չի եղել, եւ միայն փետրվարի 9-ին այն հրապարակել են ՀԴԲ-ի կայքում:
ՀԴԲ-ի աշխատակիցները Ջոբսի կենսագրությունը կազմելու համար հարցաքննել են նրա գործընկերներին, ընկերներին եւ բարեկամներին: Նրանք մեծամասամբ Ջոբսին ներկայացրել են որպես տաղանդավոր, աշխատասեր եւ խարիզմատիկ անձնավորություն եւ հայտարարել, որ նա համապատասխանում է պետական ծառայություն իրականացնելու գործին, իհարկե, պայմանականորեն:
Ոմանք կասկածի տակ են դրել Ջոբսի ազնվությունը, նշել են, որ նա կարող է խեղաթյուրել փաստերը` հօգուտ իրեն: Ոմն անձնավորություն խոստովանել է, որ Ջոբսի հետ աշխատելը բարդ է, քանի որ նա շուտ է բռնկվում:
Այդուհանդերձ, ոչ ոք կասկածի տակ չի դրել նրա բարձր հեղինակությունը:
ՀԴԲ-ի կողմից հարցաքննության ենթարկված մի կին խոստովանել է, որ 1970-ականների սկզբին Ջոբսի հետ փորձարկել է թեթեւ թմրանյութեր, ինչը այն ժամանակ նորաձեւ է եղել: Ինքը` Ջոբսը, եւս խոստովանել է, որ երիտասարդ ժամանակ փորձարկել է մարիխուաննա եւ LSD: Սակայն հասուն տարիքում նա թմարանյութեր չի օգտագործել, նույնիսկ ալկոհոլային խմիչքը քիչ է կիրառել:
ՀԴԲ-ի տեղեկություններով, Ջոբսը համեստ կենսաձեւ էր վարում եւ բուդդայականություն էր դավանում:
Գործում չեն նշվում հարցաքննության ենթարկված մարդկանց անունները, սակայն նրանց հաղորդած տեղեկություններից ելնելով` հնարավոր է որոշել ոմանց ինքնությունը: Այսպես, ինչպես երեւում է, ՀԴԲ-ի աշխատակիցներին հաջողվել է զրուցել նույնիսկ Քրիս Էն Բրենանի հետ, ով Ջոբսի նախկին սիրեցյալն է եւ նրա ապօրինի դստեր` Լիզայի մայրը:
Ջոբսը երկար ժամանակ հրաժարվում էր ճանաչել հայրությունը, սակայն հետագայում փոխեց իր կարծիքը, եւ Լիզան պաշտոնապես դարձավ նրա ընտանիքի անդամ: Նրա պատվին է անվանվել Apple-ի պերսոնալ համակարգիչներից մեկը` Lisa-ն, որը ստեղծվել է 1983-ին, գրում է NEWSru.com-ը:




























