Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հարային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել Սրբազանի կալանքի ժամկետը։
Մեղադրող դատախազը հայտարարեց, թե ազատության մեջ մնալու դեպքում Մկրտիչ Սրբազանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։ «Գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալի սույն փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Կոնկրետ դեպքում այլընտրանքային խափաման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար»,- ասաց մեղադրողը։
Նա հայտարարեց, թե Մկրտիչ Սրբազանին մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկումը՝ 4-ից 8 տարի ժամկետով։
Մկրտիչ Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանն ասաց ոչ միայն կալանքի, այլ որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է. «Ունեինք ընդամենը մեկ հիմք, որ տեսականորեն կարող է ազդել վկաների վրա, այն էլ ի սպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն կան տուժողներ՝ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը, որոնք պաշտպանված են պետության կողմից, լուրջ չէ մտքի ծայրով անգամ անցկացնել, որ հանկարծ կարող են փոխել իրենց ցուցմունքը՝ ազդվելով Սրբազանից։
Այս պահին որևէ խափանման միջոցի հիմք չկա, կալանքն անհապաղ ենթակա է վերացման»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ դատարան են եկել թեմի հոգևորականներ՝ ի աջակցություն Սրբազան Հորը։
Դատական նիստերի դահլիճ են եկել նաև Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորականներ Տեր Արամն ու Տեր Թադեն, նրանք տուժող կողմն են։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։











