ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին կքննարկեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

«Հինգշաբթի ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների՝ Բրյուսելում կայացած նիստում եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ առաջարկվել է ԻՀՊԿ-ն ներառել ահաբեչական կազմակերպությունների ցուցակում՝ անհատական պատժամիջոցներ մտցնելուց բացի Իրանում բողոքների ժամանակ քաղաքացիական անձանց զոհվելու պատասխանատուների հանդեպ»,- գրել է իտալացի նախարարն Х-ում։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հերքել էր արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները 30 հազար զոհվածների մասին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ՝ այդ հայտարարություններն անվանելով «սուտ Հիտլերի ոճով»։

Հուզումներն Իրանում սկսվել են դեկտեմբերի 29-ին բողոքի փողոցային գործողություններից հետո, որոնք պայմանավորված էին ռիալի փոխարժեքի կտրուկ անկմամբ, հետո դրանք տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։ Հունվարի 8-ից, ինչպես հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ցուցարարների մեջ հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Թեհրանում անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը դրել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի վրա։ Հունվարի 23-ին Արաղչին տեղեկացրել է, որ զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 3 117, որոնց մեջ կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցներ։