«Կարելի է մտածել, որ Ամերիկայում շրջափակում է, բայց մեզ պարզապես ասացին, որ սպասվում է առատ ձյուն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նյու Յորքում բնակվող արցախահայ Նինա Շահվերդյանը: Նրա խոսքով՝ սուպերմարկետների դարակները գործնականում դատարկ են, քանի որ բնակիչները մի քանի օր առաջ են սկսում մթերք պաշարել։

Շահվերդյանի խոսքովիրարանցման պատճառով խանութներում արագ սպառվել են միսը, կարտոֆիլը, մակարոնեղենը եւ թխվածքաբլիթները: Շատ կրթական հաստատություններ անցել են հեռավար աշխատանքի՝ դասընթացներն անցկացնելով Zoom-ի միջոցով, իսկ որոշ ընկերություններ նույնպես ժամանակավորապես աշխատակիցներին տեղափոխել են հեռավար աշխատանքի։

Նյու Յորքում ձյան շերտն արդեն գերազանցել է 30 սանտիմետրը: Քաղաքում հաղորդվում է էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ-անջատումների մասին: Փողոցները մաքրելու համար գործի է դրվել մոտ 2 500 կոմունալ աշխատող, քաղաքապետը նույնպես մասնակցում է աշխատանքներին:

«Fern» անունն ստացած ձնաբուքը տարածվել է գրեթե ամբողջ արեւելյան եւ հարավային Միացյալ Նահանգներով՝ բերելով ուժեղ ցրտահարություն, սառույց եւ ուժեղ քամիներ: Արտակարգ դրություն է հայտարարվել ավելի քան 20 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Մոտ մեկ միլիոն մարդ մնում է առանց էլեկտրաէներգիայի, վերջին տվյալներով՝ չեղարկվել է մոտ 13 հազար չվերթ։ Հաղորդվել է առնվազն տասը մահվան դեպքի մասին։

Մասնագետների գնահատմամբ՝ ներկա ձնաբուքը վերջին տասը տարիների ընթացքում ամենահզորներից մեկն է։ Օդերեւութաբանները զգուշացնում են, որ ցուրտ ալիքը կարող է շարունակվել եւս մի քանի օր։