«Անակնկալ էր ինձ համար, առաջին անգամ էի նման բան լսում, որ եկեղեցու կառուցման հովանավորն ասի՝ եկեղեցին իմն է, տվե՛ք բանալիները»։ Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն անակնկալի է եկել համայնքի վարչական ղեկավարի ու եկեղեցու կառուցման հովանավորի՝ եկեղեցու բանալիները հանձնելու և հեռանալու պահանջից։

«Հովվատանը նստած էի, համայնքի վարչական ղեկավարն ու եկեղեցու կառուցման հովանավորը եկան, ասացին՝ եկեղեցին բարերարինն է, պետք է խաղաղ ճանապարհով իրեն հանձնեմ բանալիները։ Բնականաբար, ես անդրդվելի մնացի, ասացի՝ ես օրինական ճանապարհով եմ նշանակվել Ոսկետափում ծառայության, երբ իմ թեմի առաջնորդից՝ Հայր Ռուբենից հրահանգ կստանամ, ըստ դրա կգործեմ»,–NEWS.am–ի հետ զրույցում նշեց Տեր Արտաշեսը։

Այդ խոսակցությունից մոտ երկու օր անց դեռ ոչ ոք չի գնացել եկեղեցու դռան փականը փոխելու, թե ինչ կլինի հետո՝ Տեր Արտաշեսն ինքն էլ չգիտի՝ ուզում է միայն, որ համայնքում խաղաղություն լինի, որովհետև այս լարվածությունից ոչ միայն իր ծառայությունն է խաթարվում, այլև բնակիչներն են տուժում։

Տեր Արտաշես քահանա Հակոբյանը, որ օրեր առաջ Կաթողիկոսի հեռացման պահանջով Փաշինյանի արշավին միանալու մասին էր հայտարարել, հաջորդ իսկ առավոտյան զղջացել էր ու իր հավատարմիությունը հայտնել Վեհափառին, պարզաբանեց, որ նախորդ օրը արտաքին ազդեցության տակ էր նման քայլի գնացել։

«Ինձ մի պահ թվաց, թե ճշմարտությունն այն կողմում է, ամեն մարդ էլ  կարող է սխալվել։ Հետո հասկացա, որ խիղճս դեպի այս կողմ է ինձ բերում։ Մարդիկ աղոթեցին ինձ համար և աղոթքն էլ՝ որպես խղճի ձայն կարծես թե իմ մեջ արթնացել էր, և ես որոշեցի, որ պիտի իմ իմ սխալն ուղղեմ»,–նշեց Տեր Արտաշեսը։

Մանրամասները՝ տեսանյութում։