Բանգոր օդանավակայանից (Մեն նահանգ) թռիչքի ժամանակ վթարի ենթարկված մասնավոր բիզնես-ինքնաթիռի վթարի հետեւանքով վեց մարդ զոհվել է, հաղորդել է CBS News-ը՝ հղում կատարելով նահանգի ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 25-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 19:45-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը շրջվել է եւ այրվել թռիչքուղուց դուրս գալուց կարճ ժամանակ անց։ Բոլոր ուղեւորները զոհվել են։

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ավելի վաղ հայտնել էր յոթ զոհի եւ մեկ փրկվածի մասին, սակայն այդ թիվը հետագայում ճշտվել է։

FAA-ն եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննում են վթարի պատճառը։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ինքնաթիռը գրանցված է եղել Հյուսթոնի (Տեխաս) իրավաբանական ընկերության անունով։

Վթարը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. ԱՄՆ հյուսիս-արեւելքում ուժեղ ձնաբուք է։