Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը խստացրել է գրող Բորիս Ակունինի (Գրիգորի Չխարտիշվիլի, ՌԴ-ում ճանաչված է օտարերկրյա գործակալ եւ մտցված է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում)՝ փոխելով նրա ուղղիչ հաստատությունը։ Այս մասին, հղում կատարելով գրողի երկրորդ գործով վերաքննիչ ատյանի որոշմանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթում նշվել է, որ №371 դատական տեղամասի հաշտարար դատավորի ավելի վաղ կայացրած վճիռը փոխվել է։ Ընդհանուր ռեժիմի գաղութի փոխարեն Ակունինի համար նշանակվել է պատժի կրում խիստ ռեժիմի գաղութում։
Դատավճիռը կայացվել է հեռակա, ուստի պատժի ժամկետը կհաշվվի միայն Ակունինի փաստացի ձերբակալման կամ Ռուսաստան արտահանձնման պահից։ Գաղութի տեսակը փոխելու միջնորդություն ներկայացրել էր դատախազը։
Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ դատարանը հեռակա կարգով ամբաստանյալ Ակունինի համար ավելացրել էր մեկ տարվա ազատազրկում գաղութում՝ օտարերկրյա գործակալի գործով։
2025թ. հուլիսի 14-ին դատարանն Ակունինին մեղավոր է ճանաչել ահաբեկչության հրապարակային արդարացման, ահաբեկչական գործունեությանն աջակցելու եւ օտարերկրյա գործակալի պարտականությունները կատարելուց խուսափելու գործով։ Այդ ժամանակ գրողին դատապարտել էին 14 տարվա ազատազրկման։ Պետական մեղադրողը նրա համար խնդրել է 18 տարի։ Հրապարակախոսին արգելել են նաեւ վարել ինտերնետ-կայքեր ենթադրյալ ազատումից հետո չորս տարվա ընթացքում։




























