ԱՄՆ-ին պատուհասած ձնաբուքը, ձյան առատ տեղումները եւ ջերմաստիճանի անկումը հանգեցրել են առնվազն 34 մարդու մահվան, երեքշաբթի տեղեկացրել է USA Today-ը։

Զոհերի մասին տեղեկացրել են 14 ամերիկյան նահանգներ։ Ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Նյու Յորքի նահանգում, որտեղ զոհվել է ինը մարդ։ Այս շաբաթ ավելի վաղ տվյալներ էին ստացվել 14 զոհվածների մասին։

Շատ նահանգներում տեղումների քանակը գերազանցել է 12 մատնաչափը, ինչը երթեւեկության խափանումներ է առաջացրել ճանապարհներին, չվերթներ են չեղարկվել, փակվել են դպրոցներ: Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ Փիթսբուրգից (Փենսիլվանիա) հյուսիս գտնվող որոշ շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 20 մատնաչափը:

Էլեկտրաէներգիայի անջատումները դեռեւս շարունակվում են ամբողջ երկրում: PowerOutage.com կայքի տվյալներով՝ մոտ 550 հազար մարդ ներկայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել, ամենաշատը՝ Թենեսիում եւ Միսիսիպիում: Իշխանությունները զգուշացնում են, որ էլեկտրաէներգիայի վերականգնումը կարող է տեւել մի քանի օր:

Ցածր ջերմաստիճանները, կանխատեսումների համաձայն, կշարունակվեն մոտ մեկ շաբաթ: Օդերեւութաբանները չեն բացառում, որ այս հանգստյան օրրեին ԱՄՆ արեւելյան ափին կրկին փոթորիկ կլինի: