Ես Արցախի ղեկավարությանը տեսել եմ վերջին օրը, իմ դուրս գալու օրը, տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այնուհետև ես ճանապարհվեցի դեպի Հայաստանի Հանրապետություն և հետո իմացա, որ գերեվարվել են։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։

«Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որ չի բացահայտվում կամ  չի խոսում դրա մասին։ Անընդհատ նույն հարցը տալիս եք, նույն պատասխանը տալիս եմ ձեզ։

Դիտարկմանը, որ ԵԽԽՎ-ի վեհաժողովում էլ Ադրբեջանին կոչ արվեց, որպեսզի ազատ արձակեն բոլոր հայ գերիներին, որքանո՞վ է դա իրատեսական, Կարեն Սարգսյանն ասաց. «Ես գնահատական չեմ կարող տալ, բայց ես էլ կողմնակից եմ և ես էլ կոչ եմ անում համայն աշխարհին, որպեսզի մեր հայ գերիները օր առաջ գան իրենց տուն՝ Հայաստանի Հանրապետություն։

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր Եռաբլուրում չմոտեցան և ծղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչը» կոթողի մոտ, նա ասաց. «Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս, այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է։ Բոլոր նահատակված տղաները 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի Հանրապետության և հանուն Հայաստանի Հանրապետության»։