Առնվազն 106 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Ավստրալիայի հարավ-արեւելքում՝ անբնական շոգի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Վիկտորիա նահանգի էներգետիկայի նախարար Լիլի Դ՛Ամբրոզիոն։
X-ի իր էջում նա նշել է, որ պետությունը ռեկորդային շոգի պայմաններում սահմանել է «էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդ 17 տարվա ընթացքում»: «Ժամը 20:30-ի դրությամբ բաշխիչ ցանցում գրանցվել է 106 հազար խափանում: Տեղում գործում են լրացուցիչ բրիգադներ՝ խափանումները վերացնելու եւ հոսանքազրկումը հնարավորինս արագ վերականգնելու համար»,- ասել է նա՝ նշելով նաեւ, որ անջատումները պայմանավորված են եղել այնպիսի գործոններով, ինչպիսին են շոգը, անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են էլեկտրական սարքավորումները, սյուներին եւ լարերին ընկած ծառերը, ինչպես նաեւ սարքավորումների խափանումը գերտաքացման պատճառով:
Տեղի The Age պարբերականի տվյալներով՝ անջատումների մեծ մասը գրանցվել է էլեկտրաէներգիայի մատակարար AusNet-ի կողմից, որի ավելի քան 40 հազար բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։ Պարբերականը նաեւ մատնանշել է, որ տարածաշրջանում գործող բոլոր էներգառեսուրսները հայտնել են անջատումների մասին ծայրահեղ շոգից առաջացած ավելորդ պահանջարկի պատճառով:
Ավելի վաղ Մելբուռնում անբնական շոգի պատճառով Ավստրալիայի թենիսի բաց առաջնության խաղերի (Australian Open) ժամանակացույցը փոխվել էր։ Այն բանից հետո, երբ քաղաքում ջերմաչափերի սյուները բարձրացան +38 աստիճան, կազմակերպիչները դադարեցրին խաղերը բացօթյա կորտերում եւ փակեցին Rod Laver Arena-ի եւ Margaret Court Arena-ի մարզադաշտերի տանիքները:
Ավստրալիայի պետական օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթի Վիկտորիա նահանգը նույնպես գրանցել է ռեկորդային ամենաբարձր ցուցանիշները։ Մելբուռնից 470 կիլոմետր հյուսիս գտնվող Ուոլփուպ քաղաքում ջերմաստիճանը հասել է 48,9-ի, մոտակա Միլդուրայում՝ 48,6-ի։ Լոնգերենոնգում՝ Մելբուռնից 300 կմ հյուսիս-արեւմուտք, սնդիկի սյունը հասել է 48,1 նիշի:
Ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել նաեւ Հարավային Ավստրալիայի նահանգում, որտեղ Ռենմարկ քաղաքում օդը տաքացել է մինչեւ 49,6 աստիճան, իսկ Լոքսթոնում՝ 48,2։ Երկու քաղաքներն էլ գտնվում են իրար մոտ՝ Ադելաիդայից 250 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Ավստրալիայի հարավարեւելյան եւ կենտրոնական հատվածներում անբնական շոգ եւ չոր եղանակը կպահպանվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ջերմաստիճանը կհասնի 49 աստիճանի հյուսիս-արեւմուտքում եւ կենտրոնական Վիկտորիայում, որտեղ գործում է կրակ վառելու եւ անտառ այցելելու լիակատար արգելք, ջերմաստիճանն այստեղ հասնում է 49-ի, ինչը բարձրացնում է չոր ամպրոպների եւ անտառային հրդեհների հավանականությունը։




























