Եթե այս իշխանությանը չի հաջողվել, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությանը չէր հաջողվելու. միգուցե լիներ այլ վարչակարգ և հաջողվեր, միգուցե բանակցողը փոխվեր և հաջողվեր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը շատ բան չէր փոխելու, որովհետև միջազգային գործընկերները զենք չէին վաճառում մեզ, քանի որ մտավախություն ունեին, որ վաճառված զենքերը կտեղակայվեն ՀՀ սուվերեն տարածքից դուրս և ինչ-ինչ զենքերի մասին տեղեկատվություն հայտնի կդառնար ՀԱՊԿ-ին։

«Մի շատ կարևոր ծեծված արտահայտություն կա՝ պարտության սիմվոլը երբ որ մնում է, նրա հետ չեն բանակցում, նրան այլ կերպ են վերաբերում միջազգային ասպարեզներում:

Իհարկե նա պետք է արդեն հաշվի նստի տարբեր ատյաններում, տարբեր աշխարհաքաղաքական բևեռներում և երկրներում իր հանդիպումների ժամանակ: Հետևաբար այդ խոսքը որևէ արժեք չունի:

Մենք խոսում ենք ապագայի մասին, իսկ մեր պատկերացրած ապագայում ձեր վկայակոչած անձը գոյություն չունի, հետևաբար եկեք չքննարկենք իրեն։

Մենք ողջամիտ կասկած կարող ենք ունենալ, որ կան պայմանավորվածություններ, որոնք իրագործվում են, որովհետև այն ծայրագույն խախտումները, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի վիճակից հետո իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ,  ես կարծում եմ որ եթե չլինեին պայմանավորվածություններ առնվազն բանավոր, ապա միջազգային հանրությունը կամ այստեղից կամ որևէ ձևով կլիներ արժանի այսպես ասած հակահարված»,–ասաց նա։