Ամերիկյան Amazon տեխնոլոգիական հսկան հաստատել է, որ կրճատելու է 16 հազար աշխատատեղ՝ աշխատակիցներին գլոբալ կրճատումների նոր փուլի մասին տեղեկացնելուց մի քանի ժամ անց, որը, ըստ երեւույթին, սխալմամբ ուղարկվել էր էլեկտրոնային նամակով, հաղորդել է BBC News-ը։

Էլեկտրոնային նամակը, որին ծանոթացել է հեռուստաալիքը, ուղարկվել է երեքշաբթի ուշ երեկոյան, եւ նշվել է, որ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Կոստա Ռիկայում մի շարք աշխատակիցներ կկրճատվեն «ընկերությունը հզորացնելու» ջանքերի շրջանակում։ Հաղորդագրությունը, ըստ երեւույթին, սխալմամբ է տարածվել, քանի որ այն արագ հետ է կանչվել։

Չորեքշաբթի առավոտյան Amazon-ը հայտնել է աշխատատեղերի կրճատման մասին՝ ընկերության ներսում «բյուրոկրատիան վերացնելու» ծրագրի շրջանակում։

Amazon-ի անձնակազմի եւ տեխնոլոգիաների ավագ փոխնախագահ Բեթ Գալետին չորեքշաբթի հայտնել է, որ ընկերությունը չի պլանավորում «մեծածավալ կրճատումներ կատարել մի քանի ամիսը մեկ»՝ անդրադառնալով Amazon-ի հոկտեմբերին արված հայտարարությանը, որ կրճատելու է 14 հազար աշխատատեղ։ «Մինչ շատ թիմեր ավարտել են իրենց կազմակերպչական փոփոխությունները հոկտեմբերին, մյուսները դեռ չեն ավարտել»,- ասել է նա։

2022-ից ի վեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսին են Amazon-ը, Meta-ն, Google-ը, Microsoft-ը եւ այլն, կրճատել են իրենց աշխատակիցների թիվը՝ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդկանց ազատելով աշխատանքից։ Աշխատատեղերի փակմանը հետեւող Lavoffs.fyi կայքի տվյալներով՝ վերջին չորս տարիների ընթացքում տեխնոլոգիական ոլորտում գրեթե 700 հազար մարդ է ազատվել աշխատանքից։ Այս տարի Facebook-ի սեփականատեր Meta-ն կրճատել է եւս մի քանի աշխատատեղ, ինչն ազդել է մի քանի հարյուր աշխատակցի վրա։ Pinterest-ը նույնպես այս շաբաթ կրճատել է գրեթե 700 աշխատատեղ։