Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման դեպքում Հայաստանը պետք է առավելագույն չեզոքություն պահպանի: Նման կարծիք է հայտնել արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով այն հարցին, թե Իրանի դեմ պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանը որքանով պետք է չեզոքություն պահպանի` փորձագետը նշել է, որ պատերազմ սկսվելու դեպքում, որը Սաֆրաստյանը քիչ հավանական է համարում, Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է միջամտի, այլ ընդհակառակը, բոլոր հնարավոր սցենարների պարագայում պետք է կարողանա բարիդրացիական հարաբերություններ պահպանել Իրանի հետ` այդուհանդերձ պահպանելով ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի եւ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ:
«Հայաստանը նման փորձ ունի»,-նշել է փորձագետը` հիշեցնելով 2008-ի վրացական պատերազմը, երբ Հայաստանը կարողացավ պահպանել հարաբերությունները եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի հետ: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանը չպետք է պարփակվի իր բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, այլ իրանական հարցում նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի: Որպես Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր` Հայաստանը կարող է հանդես գալ հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությամբ, նշել է փորձագետը` հավելելով, որ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, բայց դա կբարձրացնի Երեւանի հանդեպ հարգանքի մակարդակը:




























