Արեւմուտքում լուրջ մարդիկ նախքան Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելը շատ գործոններ հաշվի կառնեն: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը փետրվարի 10-ի մամուլի ասուլիսում:
Փորձագետը նշել է, որ հաշվի կառնվի ոչ միայն այն հանգամանքը, որ Իրանը Իրաքը չէ, այլ այն, որ Իրանը դաշնակիցներ ունեցող հզոր պետություն է: «ԱՄՆ-ի համար կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Իրանի բնակչության զգալի մասը լավ է վերաբերվում Ամերիկային, եւ ԱՄՆ-ն չի ցանկանում դա կորցնել», - նշել է փորձագետը` հավելելով, որ նաեւ անհրաժեշտ է հաշվի առնել իրանական խոշոր սփյուռքի առկայությունը, այդ թվում` ԱՄՆ-ում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը քիչ հավանական համարում Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելը, փորձագետն ասել է, որ առաջին հերթին Ռուսաստանն իր սահմանների մոտ չի ցանկանա ռազմական գործողություններ սկսել: Հետեւաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշում կայացնել չի հաջողվի, ինչը նման գործողությունները կզրկի օրինական հիմքից: Հավանական է, որ Չինաստանը եւս դեմ կլինի: Սաֆրաստյանի խոսքով` լարվածությունն աճելու դեպքում Ռուսաստանը կարող է լուրջ քայլերի դիմել, որոնք ձեռնարկվել են 90-ական թվականներին, երբ Թուրքիան, չսահմանափակվելով Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, սկսել էր զորքերը տեղակայել սահմանի մոտ: Իրանի առնչությամբ Սաֆրաստյանը տեսակետ է հայտնել, որ առավել հավանական է ոչ թե ռազմական գործողությունների ծրագրումը, այլ որեւէ երկրի կողմից սադրանքը:



























