Կոլումբիայում Կուկուտայից Օկանյա թռչելիս կործանվել է Beechcraft 1900 ուղեւորատար ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 մարդիկ զոհվել են։ Այս մասին տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Ինքնաթիռը թռել է Կամիլո Դասա օդանավակայանից եւ ուղեւորվել է Օկանյա մունիցիպալիտետի Ագուաս Կլարաս օդանավակայան։ Ինքնաթիռի վերջին ազդանշանը գրանցվել է Պլայա դե Բելեն եւ Ջակարի մունիցիպալիտետների միջեւ գտնվող լեռնային տեղանքում։ Ավիավթարի ենթարկված ինքնաթիռի բեկորները հետագայում հայտնաբերվել են Լա Պլայա դե Բելենի մոտակայքում։
Ինքնաթիռը պատկանում էր կոլումբիական պետական Satena ավիաընկերությանը եւ վարձակալվել էր Searca չարթերային փոխադրողի կողմից։ Ինքնաթիռում եղել են 13 ուղեւոր եւ անձնակազմի երկու անդամ։ Զոհվածների թվում են Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Դիոգենես Քվինտերոն, պատգամավորի թեկնածու Կառլոս Սալսեդոն եւ Օկանյա քաղաքային խորհրդի նախկին անդամ Խուան Դավիդ Պաչեկոն եւ նրա կինը։
«Satena» ավիաընկերությունը խորապես ցավում է Beechcraft ինքնաթիռի կործանման համար, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ»,- նշվել է ավիափոխադրողի X սոցցանցերում տարածված պաշտոնական հայտարարության մեջ։ Ընկերությունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։
Վթարի պատճառը դեռեւս պարզված չէ։ Կոլումբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել։




























