ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկրի միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել, CNN-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները: Դրանց համաձայն՝ Սպիտակ տունը կարող է օդային հարվածներ հասցնել Իրանի առաջնորդներին եւ անվտանգության ուժերին, որոնց ԱՄՆ-ը պատասխանատու է համարում բողոքի ցույցերը ճնշելու եւ ցուցարարների սպանության համար: Բացի այդ, ԱՄՆ ուժերը կարող են թիրախավորել Իրանի կառավարական հաստատությունները եւ միջուկային օբյեկտները: Թրամփը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել հետագա գործողությունների վերաբերյալ, բայց չի բացառել ուժի կիրառման տարբերակը՝ Մերձավոր Արեւելք USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ ուղարկելուց հետո:
Ռազմական գործողությունների սպառնալիքների ֆոնին ԱՄՆ-ը նախապայմաններ է առաջադրել իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար: CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք ներառում են ուրանի հարստացումից հրաժարվելը, բալիստիկ հրթիռների ծրագրի սահմանափակումը եւ տարածաշրջանում իրանական պրոքսի-ուժերին աջակցելու դադարեցումը: Ամենախնդրահարույց հարցը, սակայն, ԱՄՆ պահանջն է, որ Իրանը սահմանափակի իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը: Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, Թեհրանը մերժել է այս պահանջը եւ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը: CNN-ի աղբյուրներից մեկը նշել է, որ կատարյալ տարբերակում Թրամփը ցանկանում է հզոր հարված հասցնել, որպեսզի ստիպի Թեհրանին ընդունել ամերիկյան պահանջները։
Նախօրեին ԱՄՆ նախագահը սպառնացել էր Իրանին հարվածել ավելի ուժեղ, քան 2025թ․ ամռանը, երբ երկրի միջուկային օբյեկտները հարձակման ենթարկվեցին։ «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կկնքի արդար եւ իրավահավասար համաձայնագրի՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Ի պատասխան՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ Թեհրանը մտնում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության երրորդ փուլ։ Նա առաջին երկուսը նշել է 2025թ․ ամռանը տեղի ունեցած 12-օրյա պատերազմը եւ դեկտեմբերին ու հունվարի սկզբին տնտեսական ճգնաժամի ֆոնին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նույնպես ընդգծել է, որ երկիրը պատրաստ է «անհապաղ եւ հզոր» պատասխան տալ ցանկացած ագրեսիայի։





























