Եթե ՀՀԿ-ի պատգամավորները ձեր աչքի առաջ կեղծում են քվեարկության արդյունքները, ապա կարելի է պատկերացնել, թե նրանք ոչ այդքան բացահայտ ինչեր են անում: Այդ մասին փետրվարի 10-ին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ի մի քանի պատգամավորներ քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Նման վարմունքը հարուցել է ընդդիմադիր ուժերի դժգոհությունը, որոնք կոշտ քննադատության են ենթարկել հանրապետական պատգամավորներին: Քվեարկության ժամանակ  «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նկատելով խախտումը, հայտարարել է  «Այստեղ կան երկգլխանինե՞ր»:

«Ապրեցինք, տեսանք: Եւ կոչ են անում դա չքաղաքականացնել: Ընդհակառակը, պետք է քաղաքականացնել: Խորհրդարանը դա քաղաքական մարմին է, եւ նա պետք է մտածի իր հրապարակային հեղինակության մասին` ապահովի PR բառիս բուն իմաստով, հարաբերություններ հասարակության հետ»,-նշել է Ալավերդյանը: