Թուրքիայի ուժայինները բացահայտել են լրտեսական ցանց, որը հետախուզական տվյալներ էր հավաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) համար: Ինչպես տեղեկացրել է TRT հեռուստաալիքը, ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող վեց անձ:
Ստամբուլում, Վանում, Սամսունում, Յալովայում եւ Անկարայում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության եւ ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցները համատեղ իրականացրել են խուզարկություններ եւ ձերբակալություններ: Ձերբակալվել է վեց կասկածյալ:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ անձինք տեղեկություններ էին հավաքում Թուրքիայում գտնվող ռազմական բազաների եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մասին: Նրանք հետախուզական եւ դիտորդական գործողություններ են իրականացրել Ադանայի նահանգի Ինջիրլիք ավիաբազայի մոտ եւ հավաքված տվյալները փոխանցել իրանական հետախուզությանը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները նաեւ հետեւել են անօդաչու թռչող սարքերի տեղափոխմանը Թուրքիայի միջով դեպի երրորդ երկրներ:




























