ՀԱՊԿ–ի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես. ՀԱՊԿ–ի հետ կապված ես էլ ունեմ որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ–ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է ՀԱՊԿ–ին դիտենք հետևյալ կերպ. ՀԱՊԿ–ն առանց Ռուսաստանի ի՞նչ է իրենից ներկայացնում, ոչինչ։ ՀԱՊԿ–ին պետք է նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց և մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Լուկաշենկոյին, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրներին»,–ասաց նա։