Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել երկրի հակառակորդների ցանկացած գործողության, IRNA-ին ասել է ԻՀՊԿ մամուլի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մոհամեդ Նաենին։
Նրա խոսքով՝ իրական վիճակը «տարբերվում է թշնամու լրատվամիջոցների քարոզչությունից», եւ Իրանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը եւ ունեն գործողությունների ծրագիր՝ հակամարտության ցանկացած սցենարի հակազդելու համար։ Այդ սցենարները, մասնավորապես, ներառում են ռազմական գործողություններ։
Նաենին մեղադրել է ԱՄՆ-ին «հոգեբանական պատերազմ» վարելու մեջ՝ Իրանի ժողովրդին վախեցնելու համար։
Հունվարի 28-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ Իրանը կարձագանքի ԱՄՆ ցանկացած ագրեսիայի. «Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանի վրա, անհապաղ եւ հզոր կերպով արձագանքել ցանկացած ագրեսիայի»։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ եւս մեկ խոշոր հարվածի հնարավորությունը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ Իրանի միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների արտադրության զսպման վերաբերյալ նախնական քննարկումները առաջընթաց չեն գրանցել։ Հեռուստաալիքը նշել է, որ Թրամփը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել հետագա գործողությունների վերաբերյալ, չնայած կարծում է, որ իր ռազմական կարողությունները ընդլայնվել են հունվարի սկզբի համեմատ, քանի որ այժմ տարածաշրջանում է գտնվում ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը։





























