Իրանական բեռնանավը Մախաչկալայի առեւտրային ծովային նավահանգստից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ չոր բեռների նավահանգստի ջրանցքի տարածքում, խրվել է ծանծաղուտում, հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
«Տեղեկություն է ստացվել, որ «Կասպիան Շիվա» բեռնատար նավը առանց բեռների (բալաստ՝ 2 800 տոննա) ծանծաղուտի մեջ է խրվել ցամաքային նավահանգստի ջրանցքի մոտ (...) 7 կիլոմետր Մախաչկալայի առեւտրային նավահանգստից հեռու։ Ստացված տեղեկության համաձայն՝ (...) նավը, որը կանգնած է ռեյդի (...), խնդիր ունի ջրի՝ նավամբարում հայտնվելու հետ։ Ջուրը բալաստային հատվածից լցվում է նավամբար»,- նշվել է հաղորդագրությունում։
ԱԻՆ տեղի վարչությունում նշել են, որ ներկայում պատահարի վայրում նկատվում են ավելի քան 1,5 մետր բարձրությամբ ալիքներ։ Միաժամանակ, նավի անձնակազմը սկսել է ջուրը դուրս մղել պահեստներից։
«Ռոսմորպորտ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության երկու քարշակ նավ է ուղարկվել իրանական բեռնատարը քարշակելու համար։
Մախաչկալայի առեւտրային ծովային նավահանգստի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ իրականացվում է փրկարարական գործողությունների համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ շարքը։
«Իրավիճակը վերահսկողության տակ է, անձնակազմը եւ նավը վտանգի տակ չեն»,- վստահեցրել է գործակալությանզրուցակիցը։



























