Այն, որ Մալաթիայի քաղաքապետարանի հանձնարարությամբ օրեր առաջ քանդվեց Մալաթիայի հայերի գերեզմանոցում կառուցվող պահակատունն եւ մատուռը, Թուրքիայի հայերին հարկադրեց միջոցներ ձեռնարկել վտանգի տակ գտնվող հայկական շինությունների պահպանման առթիվ: Այդ մասին հաղորդում է թուրքական «Hürriyet Daily News»-ը:

«Հանձնաժողովի ստեղծման գաղափարը կարող էր մասսայականություն վայելել, սակայն, մենք առաջին հերթին, պետք է հաշվի առնենք այն իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան: Մալաթիայի օրինակը չի կարող ամեն տեղ անցնել»,-ասել է Մալաթիայի ֆիլանտրոպյան ասոցիացիայի (HAYDER) նախկին ղեկավար Կարո Պալյանը:

«Մենք ամբողջ Անատոլիայի տարածքով գերեզմաններ ենք ունեցել, որոնք թվագրվում են շուրջ հազար տարի, բայց դրանց վրա կամ ճանապարհներ, կամ էլ նոր շինություններ են կառուցել: Արդեն հնարավոր չէ դրանք վերականգնել, բայց անհրաժեշտ է, որ մնացածները պահպանել»,-նշել է Պալյանը: 

Ասոցիացիան, որն առաջինն էր հայկական հուշարձանների խնդիրը ներկայացրել հասարակության ուշադրությանը, շարունակում է հեռախոսազանգեր ստանալ` երկրի այլ շրջաններում հայկական օբյեկտների կարգավիճակի վերաբերյալ:

«Մենք աստիճանաբար գնահատում են հարցումները»,-ասել է Պալյանը, բայց հավելել, որ ներկա պահին չեն համարձակվում հետագա քայլեր ձեռնարկել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Մալաթիայի քաղաքապետի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը համարելով ոչ անկեղծ` Պալյանը նշել է, որ նրանք վախեցել են հասարակության արձագանքից:

«Եթե նրանք իսկապես անկեղծ են, ապա պետք է մեզ վերադարձնեն Մալաթիայի 300-ամյա եկեղեցին` Սուրբ Երրորդությունը, որը նրանք կոչում են Թաշխորան, այլ ոչ թե այն դարձնեն մշակույթի կենտրոն»,-ասել է Պալյանը` հավելելով, որ մտադիր են առաջիկա օրերին այդ հարցով դիմել Մալաթիայի նահանգապետի գրասենյակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցները քանդել են հայկական բազմադարյա գերեզմանոցի համալիրը, այդ թվում Վերջին Աղոթք մատուռը: Հասարակության շրջանում առաջացած բողոքների հետեւանքով Մալաթիայի քաղաքապետարանը խոստացել է վերականգնել համալիրը իր միջոցների հաշվին: