Առնվազն 28 մարդ զոհվել, մոտ 300 հոգի տուժել է Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջաններում ձյան ռեկորդային տեղումների պատճառով, վկայում են տեղի իշխանությունների հաշվարկները։
Զոհեր ամենից շատ գրանցվել են Նիիգատա պրեֆեկտուրայում (12), Ակիտայում (8) եւ Հոկայդոյում (5)։ Մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Յամագատա եւ Աոմորի պրեֆեկտուրաներում։
Զոհվածների մեջ կան մարդիկ, ովքեր ընկել են տանիքից ձյունը մաքրելու ժամանակ, ինչպես նաեւ մարդիկ, որոնց ինքնազգացողությունը վատացել է ճանապարհները եւ արահետները մաքրելիս։ Զոհվածների եւ տուժածների մասին տեղեկությունները ներառել են նաեւ դեպքեր՝ կապված քրոնիկական հիվանդությունների եւ ուղեկցող այլ պատճառների հետ։ Տեղի իշխանությունների տվյալներում այդ բոլոր դեպքերը կապվել են ձյան տեղումների հետ։
Վերջին օրերին ձյան առատ տեղումներ են գրանցվել ճապոնական մի քանի պրեֆեկտուրաներում, գլխավորապես Նիիգատայում, Հոկայդոյում, Ակիտայում եւ Յամագատայում։
Օդերեւութաբանների տվյալներով՝ ձյունը կշարունակվի առաջիկա օրերին։ Հունվարի 31-ի առավոտյան Նիիգատա պրեֆեկտուրայում կտեղա եւս 70 սանիտմետր ձյուն, Հոնսյու կղզու հյուսիսարեւելյան շրջաններում՝ մինչեւ 50 սանտիմետր։
Վատ եղանակը կարող է հանգեցնել հանրային տրանսպորտի երթեւեկության խափանումների։ Ճապոնիայի ավիաընկերություններն ուղեւորներին կոչ են անում ուշադիր հետեւել իրենց չվերթների կարգավիճակի մասին տեղեկատվությանը։ Japan Airlines-ը արդեն չեղարկել է հինգ չվերթ։





























