Ամերիկյան առաջատար ընկերությունները, այդ թվում՝ Amazon-ը, UPS-ը, Dow-ը, Nike-ը եւ Home Depot-ը, նախատեսում են կրճատել առնվազն 52 հազար աշխատողի՝ աշխատաշուկայի դանդաղման եւ արհեստական ​​բանականության (ԱԲ) օգտագործման աճի ֆոնին, հաղորդել է Financial Times թերթը։

Թերթի տվյալներով՝ տասնյակ հազարավոր աշխատակիցների կրճատումները «եւս մեկ ապացույց են այն բանի, որ գործատուները կրճատում են անձնակազմը տարիներ շարունակ ակտիվ վարձումներից հետո»։ Մի քանի ընկերություններ նաեւ հայտարարել են իրենց աշխատուժը կրճատելու անհրաժեշտության մասին՝ «տնտեսական անորոշության եւ ԱԲ-ում ներդրումներ կատարելու աճող ճնշման» ֆոնին։

«Ընկերություններն ավելիշատ են սկսել քննարկել կրճատումները եւ, կարծես, ձգտում են օգտագործել ԱԲ-ն՝ աշխատուժի ծախսերը կրճատելու համար»,- ասել է Goldman Sachs բանկի ԱՄՆ գծով գլխավոր տնտեսագետ Դեյվիդ Մերիքլը։

Ավելի վաղ Amazon-ը հայտնել էր 16 հազար աշխատակցի կրճատելու ծրագրերի մասին՝ արհեստական ​​բանականության աճող օգտագործման պայմաններում արտադրությունն օպտիմալացնելու համար: Amazon-ի գործադիր տնօրեն Էնդի Ջեսին բազմիցս հայտարարել է իր հանձնառության մասին՝ կրճատել «կառավարման մակարդակների» թիվը համավարակի ընթացքում աշխատակիցների զանգվածային վարձակալումներից հետո: Անցյալ տարի նա նաեւ զգուշացրել էր աշխատակիցներին, որ արհեստական ​​բանականության ներդրումը կհանգեցնի աշխատակիցների թվի կրճատման, քանի որ ընկերությունն ավտոմատացնում է ավելի ու ավելի շատ գործողություններ: