Թուրքիան հնարավոր է համարում լիբիական գազը իտալական շուկա մատակարարելու հնարավորությունը, որը կփոխհատուցվի ադրբեջանական գազով՝ փոխանակման մեխանիզմի միջոցով, A Haber հեռուստաալիքին ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա Լիբիայից Թուրքիա բնական գազի մատակարարումը բնութագրել է որպես բարդ խնդիր, որը պահանջում է անհրաժեշտ հեղուկացման ենթակառուցվածքներ եւ հեղուկացված բնական գազի նավեր, քանի որ Լիբիայից Թուրքիա գազատար չկա, բայց Լիբիայի հյուսիսում կա գազատար դեպի Իտալիա։

«Լիբիայում մեր հայտնաբերած բնական գազը Թուրքիա մատակարարելու փոխարեն մենք կարող ենք այն վաճառել իտալական շուկայում՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը։ Ընդ որում, Իտալիայի կողմից Ադրբեջանից գնված գազը կարող է ավելացվել մեր հաշվեկշռին սվոփ մեխանիզմի միջոցով։ Այս տարբեր բիզնես մոդելների միջոցով մենք կստեղծենք արժեքի շղթա»,- հայտնել է Բայրաքթարը։

Նկարագրելով Լիբիայի հետ դիվանագիտական ​​եւ տնտեսական հարաբերությունների ազդեցությունը էներգետիկ ոլորտի վրա՝ նախարարը նշել է, որ 2026-ը կլինի «Լիբիայի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկ համագործակցության տարի»։

«Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է նոր լիցենզավորման մրցույթին, որը տեղի կունենա Լիբիայում փետրվարին։ Մենք ակտիվ դեր կխաղանք ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային հատվածում»,- ասել է նա։

Լիբիայից բացի՝ Անկարան ձգտում է զարգացնել էներգետիկ հարաբերություններ այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Իրաքը, Լիբիան, Ղազախստանը եւ Ադրբեջանը։

«Մեր աճի ռազմավարությունը 2026թ․ հիմնված է ոչ միայն ներքին արտադրության, այլեւ այնպիսի երկրների հետ ամուր գործընկերության վրա, ինչպիսին են Իրաքը, Լիբիան, Ղազախստանը եւ Ադրբեջանը։ Մենք կընդլայնենք Թուրքիայի էներգետիկ ներուժը ինչպես մեր սահմաններում, այնպես էլ դրանից դուրս»,- ասել է նա։

Ադրբեջանից գազը Իտալիա է տեղափոխվում Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով։ 2025թ․ Ադրբեջանը Իտալիային մատակարարել է 9,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Խողովակաշարի գործարկումից ի վեր Եվրոպա է մատակարարվել ընդհանուր առմամբ 54,3 միլիարդ խորանարդ մետր գազ (Ադրբեջանից - ԻՖ), իսկ Իտալիա՝ 45,4 միլիարդ խորանարդ մետր։

2025թ․ հունիսին Թուրքիայի TPAO-ն եւ Լիբիայի ազգային նավթային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Լիբիայի ծովային հանքավայրերում սեյսմիկ հետազոտությունների վերաբերյալ։