«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկած փոփոխություններն ավելի շատ PR քայլ են, քան իրական փոփոխություն: Այս մասին, այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ասաց «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ օրենքում տեղ գտած փոփոխությունների մշակման ժամանակ հաշվի չեն առնվել առեւտրի խոշոր ցանցերի ոլորտը ներկայացնող ընկերությունների կարծիքը: «Սթար սուպերմարկետների ցանց օրական այցելում է մոտ 50 հազար սպառող, երեւի նույնքան նաեւ «Երեւան Սիթի»: Բնական է, որ խոշոր առեւտրային ցանցերը բնակչության ուշադրության կենտրոնում են, ու մեզ «ճնշելը» կարող է դիտվել որպես լավ PR քայլ»,- ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարությանը հաջողվել է մանր ու միհջին բիզնեսի շահերը պաշտպանող կետեր ավելացնել, բայց առաջարկները հակասության մեջ են մտնում վերջնական սպառողի շահերի պաշտպանության հետ:
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանափակվեն խոշոր առեւտրային կետերի քանակը համապատասխան գոտիներում, այսինքն՝ վերջնական սպառողի համար կսահմանափակվի առեւտրային ցանցերից ու քաղաքակիրթ առեւտրից օգտվելու հնարավորությունը:
Ըստ նրա՝ նման օրենքի ընդունումը Հայաստանի համար նաեւ վաղաժամ է, քանի որ կատարված ողջ առեւտրից միայն 10-15 տոկոսն է բաժին ընկնում քաղաքակիրթ առեւտրին: «Նույնիսկ սուպերմարկետներով հագեցած տարածքներում, քաղաքակիրթ առեւտրին բաժին է ընկնում ընդհանուրի 30 տոկոսը: Իսկ Շվեդիայում այն կազմում է 95, իսկ Ռուսաստանում 70 տոկոս: Այս երկրներում արդեն կան մանր ու միջին բիզնեսին աջակցող նման օրենքներ»,-ասաց նա:
Քերոբյանը նշեց, որ պատրաստ են աշխատել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի օրենքի փոփոխություններում տեղ գտնեն նաեւ իրենց կարծիքն արտահայտող հատվածներ:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Հայաստանի կառավարությունը կսահմանի նորմաներ` բնակավայրերում սուպերմարկետների քանակը կարգավորելու նպատակով: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ:
Ըստ այդմ՝ առեւտրի օբյեկտները բաժանվելու են 3 տիպի` փոքր, միջին եւ խոշոր: Խոշոր են կոչվելու այն առեւտրի օբյեկտները, որոնք զբաղեցնում են 600 քառ. մետրից ավելի տարածք:



























