Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս իշխանության սկսած արշավը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ սփյուռքի համար։ Այս մասին հունվարի 30-ին «Հայաստանի Հանրապետությանը եւ Հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոններ» թեմայով բանավեճի ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հայրենիքի եւ սփյուռքի միջեւ համագործակցությունը ներառում է նաեւ ազգային հարցեր, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ 2007թ․ն Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկը հոդված է գրել, որում դիմել է իր երկրի կառավարությանը եւ ժողովրդին. «Դուք անլուրջ եք։ Հայկական ցունամի է մոտենում»։ Անձամբ ես կարծում եմ, որ այդ ցունամին լիովին հնարավոր է վերակենդանացնել»,- ասել է Մանուկյանը։











