Արարատի մարզում հայտնի «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարանի աշխատակիցները բեռնատարներով գործարան բերված երկաթի ջարդոնի մեջ  հայտնաբերել են հարյուրավոր կասկածելի պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր, որոնք ճիշտ է՝ ըստ մասնագետների իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե դրանք լցնեին հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլիներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հայտնաբերվածի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Գործարան մտնող ամեն մի բեռնատարի շարժը նաև տեսանկարահանվում է։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ 2025թ․ օգոստոսի 27-ին ոստիկանությունում օպերատրվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ էին հայտնաբերել։

Տեղում պարզվել էր, որ «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ էր։

Կայքի տեղեկություններով իրավապահները աշխատել էին մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ էր մտնում նաև այն, որ հնարավոր էր անհայտ անձը կամ անձինք փորձել էին գործարանը պայթեցնել։