Յոթ իրանցի ինժեներներ, որոնք առեւանգվել էին Սիրիայում նախորդ տարվա վերջին, այսօր` փետրվարի 10-ին, ազատ են արձակվել:

Սիրիական գրոհայինների կողմից դեկտեմբերի 20-ին առեւանգված իրանցի ինժեներներն աշխատել են «Ջանդար» էլեկտրակայանում: Սակայն առեւանգիչները հայտարարել են, որ գերիները Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ են եղել, որոնք օգնել են սիրիական բանակին ճնշել Սիրիայում զինված ապստամբությունը, հայտնում է «ԻՐՆԱ» գործակալությունը:

Պայմանները եւ ազատման հանգամանքները չեն հայտնվում:

Փետրվարի սկզբին Իրանի իշխանություններն իրենց քաղաքացիներից պահանջել են Սիրիա այցելելիս զերծ մնալ ցամաքային տրանսպորտից: Նման արգելք է մտցվել այն բանից հետո, երբ տարվա սկզբից գրոհայինների մոտ գերի են ընկել Իրանի շուրջ 30 քաղաքացիներ, որոնց շարքում` երկրով մեկ ավտոբուսներով ճանապարհորդող 22 ուխտավորներ: Ուխտավորներով ավտոբուսներն ուղեւորվել են Դամասկոս, որտեղ գտնվում է Մուհամեդ մարգարեի թոռնուհի Զայնաբի հուշատունը, ուր ամեն տարի հազարավոր շիաներ են գալիս, այդ թվում նաեւ` Իրանի բնակիչներ:

Փետրվարի 7-ին 11 գերի ուխտավորներ ազատ են արձակվել: Ըստ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի` ազատությունը հնարավոր է դարձել «բարեկամ երկրների» աջակցության շնորհիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: