Շաբաթվա սկզբից առ այսօր հանրապետությունում ընդմիջումներով տեղացող ձյան հետեւանքով մայրաքաղաք Երեւանը ձյունածածկ է: Առաջին օրերին ձյանը շերտը այսքան հաստ չէր, եւ փողոցներում լուսանկարներ անելիս նկատելի էին մաքրող մեքենաներ: Իսկ այսօր, շրջագայելով քաղաքով, NEWS.am-ի թղթակիցը չի նկատել որեւէ մաքրող մեքենա:

Տեղացած առատ ձյան հետեւանքով հասարակական տրանսպորը վատ է աշխատում, հատկապես` քաղաքի ծայրամասերում շատ քիչ երթուղայիններ կան, նույնիսկ տաքսիները չեն համաձայնում հասնել Նոր Նորք, Ավան եւ քաղաքի այլ հատվածներ:

Նույնիսկ համաքաղաքացիները, եթե տեղումների առաջին օրերին մաքրում էին իրենց մուտքը, խանութի դիմացի հատվածը եւ այլն, ապա այսօր բոլորը դիտորդի կարգավիճակում էին: Թերեւս մտածում էին` որտեղից սկսել մաքրման աշխատանքները եւ արդյոք դա հնարավոր է:

Մեկընդմեջ մայթերին ձյան սարեր էին գոյացել, փողոցների անցումների հատվածներում` ցեխաջրեր, եւ անցորդները ստիպված էին ցատկոելոտվ անցնել փողոցը: Տեղացող ձյունից ամենաշատը ուրախացել էին երեխաները: Գրեթե բոլոր դպրոցների բակերում նրանք ձնագնդի էին խաղում, Ձմեռ պապիկներ սարքում եւ այլն:

Նշենք, որ Հայաստանում ձյան տեղումները կդադարեն փետրվարի 11-ի գիշերը, իսկ փետրվարի 12-ին ձյուն կտեղա միայն Սյունիքի մարզում:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ գործի է դրել իր ողջ տեխնիկան` քաղաքի փողոցները ձյունից մաքրելու համար: «Փողոցների մաքրման աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, գործի է դրվել մեր ունեցած ամբողջ տեխնիկան, փողոցներին աղ եւ ավազ է ցանվել»,-նշել է մամուլի ծառայության ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ գործի է դրվել ոչ միայն քաղաքապետարանի եւ կոմունալ ծառայությունների ենթակայության տակ գտնվող տեխնիկան. ավելի վաղ քաղաքապետարանը դիմել է շինարարական ընկերություններին` օգնություն խնդրելով համապատասխան տեխնիկայի տրամադրման հարցում, որը եւ իրականացվել է:

Ներկայացնում ենք ձյունածածկ Երեւանից մի քանի կադրեր: