Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են Սերբիայի կառավարության ղեկավար Զորան Ջինջիչի սպանության ենթադրյալ մեղսակցի:

Կասկածյալ Լուակ Բոժեւիչը, որին համարում են սերբական ռազմականացված «Արկանի վագրեր» խմբավորման անդամ, ձերբակալվել է փետրվարի 9-ին, Վալենսիայի ռեստորաններից մեկում:

Ջինջիչի նախաձեռնությամբ, 2001թ. հունիսին Միջազգային քրեական դատարանին հանձնեցին տապալված նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին:

2003թ. մարտի 12-ին Ջինջիչին մահացու վնասվածք էին հասցրել Սերբիայի կառավարության շենքի շքասրահում: Նա որովայնի եւ մեջքի շրջանում հրազենային վնասվածքներ էր ստացել եւ որոշ ժամանակ անց մահացել էր հիվանդանոցում` գիտակցության չգալով:

Քննությունը պարզել էր, որ վարչապետի վրա կրակել է Սերբիայի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Զվեզդան Յովանովիչը: Բռնվելուց հետո նա նշել էր, թե ցանկացել է դադարեցնել «սերբ հայրենասերներին Հաագայի դատարան հանձնելու գործընթացը»:

Սպանության կազմակերպման համար դատապարտվել էին յոթ կազմակերպիչներ եւ իրականացնողներ: Անցած տարվա հունիսին  ձերբակալվել էր սպանության եւս մեկ կասկածյալ: