«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որևէ քննարկում չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ամբողջ թիմը, ինչպես նաև տարբեր ոլորտների հեղինակավոր փորձագետներ ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակման աշխատանքներում։ Աշխատանքները շատ ծավալուն են, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ներկայացնում են առաջարկներ, որոնք այս օրերին, համակարգված առանձնացվում են, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում առկա խնդրի լուծման ճանապարհները նախանշվեն, հիմնականում այս բովանդակային աշխատանքն է այս օրերին ընթանում։ Ինչ վերաբերվում է կուսակցության մասնակցության ձևաչափին, որևէ քննարկում դեռ չկա, ավելին ասեմ, բոլոր այն խոսակցությունները, տարատեսակ հրապարակումները, երբեմն, որոնք շրջանառության մեջ են դրվում առանց որևէ պաշտոնական տեղեկատվության առկայության, հորդորում եմ բոլորին, լրջորեն չվերաբերվել այդ խոսակցություններին, քանի դեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչների խողովակների կողմից մասնակցության ձևաչափի վերաբերյալ չի տրամադրվի պատշաճ տեղեկատվություն, որը առաջիկայում բնականաբար կլինի»,–նշեց Իվետա Տոնոյանը։

Հարցին՝ հայտնի՞ է, թե ով է գլխավորելու ցուցակը, Իվետա Տոնոյանը պատասխանեց․

«Առաջիկայում ձեր բոլոր հարցերի պատասխանները ներառող հայտարարությամբ մենք հանդես կգանք»։

Նշենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել «Բարգավաճ Հայաստան»–ի հետ միասին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց․

«Մասնակցության որոշում հստակ կա, այլ ուժերի հետ քննարկում ենք ավելի արդյունավետ համագործակցության ձևաչափ՝ մանսավորապես դաշինքով մասնակցելու տարբերակը՝ հիմքում դնելով գաղափարական, ծրագրային ընդհանրությունները։ Այս պահին դեռ որոշում չունենք, բայց նշմարվում է, որ առաջիկայում կգանք ընդհանուր եզրերի։

Հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ քննարկումներ ունեցե՞լ են, Առաքելյանը պատասխանեց․

«Քանի որ տարբեր ուժերի հետ քննարկում ենք և վերջնական արդյունք չկա, այս պահին զերծ կմնամ կոնկրետ ուժերի մասով մեկնաբանություն տալ, առաջիկայում, կարծում եմ, հանրությունը վերջնական պատկերը կտեսնի։ Տարբեր ուժերի հետ քննարկում ենք հնարավոր համագործակցությունները։ Այլ ուժի ցուցակում մասնակցություն չի լինի, այս պահին քննարկում ենք համատեղ մասնակցելու տարբերակը։

«Մայր Հայաստան» «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն էլ NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին։

«Համագործակցությունը դիտարկում ենք մեր գաղափարական և սկզբունքային տրամաբանության շրջանակներում։ Արդեն հայտարարել ենք, որ ընտրություններին կմասնակցենք ամենաարդյունավետ ձևաչափով, բայց վերջնական որոշումը մոտ օրերս կհայտարարենք»,–հավելեց Թևանյանը։