Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային գործարքը հնարավորություն կտա հանրապետությանը ստանալ ամերիկյան տեխնոլոգիաներ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է հարավասիական երկրի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը:

«Այս համաձայնագիրը աննախադեպ հնարավորություններ է բացում ֆերմերների, միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների, ձեռնարկատերերի և որակյալ աշխատողների համար՝ Հնդկաստանում արտադրել ողջ աշխարհի համար, Հնդկաստանում նախագծել ողջ աշխարհի համար և Հնդկաստանում նորարարություններ ներդնել ողջ աշխարհի համար։ Այն կօգնի Հնդկաստանին տեխնոլոգիաներ ստանալ ԱՄՆ-ից», - նշել է նա։

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնի հետ գործընկերությունը «հնարավորություն կտա համատեղ ստեղծել տեխնոլոգիաներ, համատեղ մշակել լուծումներ և աշխատել միասին՝ հանուն խաղաղության, աճի և Հնդկաստանի ու ԱՄՆ-ի ավելի լուսավոր ապագայի»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Նյու Դելին և Վաշինգտոնը համաձայնեցրել են երկկողմ առևտրի հետագա պայմանների մասին գործարքը, որի շրջանակներում ԱՄՆ-ը հանրապետությունից կգանձի նվազեցված մաքսատուրքերը․ դրույքաչափը 25%-ից իջեցվել է 18%-ի: