Երբ գույքահարկը շեշտակի բարձրացրին, ինձ մոտ այն բարձրացավ 500 անգամ և ես հասկացա, որ միտում կա դրա մեջ և կա չարակամություն, որովհետև ինչ բանաձևով էլ հաշվարկես, մեր տարածքը չի կարող Այգեձորի տարածքին համարժեք համարվել՝ սկսած գոտիականությունից, վերջացրած նրանով, որ այդտեղ Հայրիկյանն է ապրում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իր ավելի վաղ արված հայտարարությանը, ըստ որի՝ պարտքերի պատճառով վաճառում է Դավիթաշենում գտնվող իր առանձնատունը։
«Մեր հարևան տարածքներում չկա այդ գոտիականությունը։ Դե, հիմա ես էլ չեմ ուզում նյութի համար պայքարել։ Երբ ԱԻՄ-ի գրասենյակներն էին խլում և ԱԻՄ-ականները տրամադրված էին այն թվականին կռիվ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ես ասեցի՝ մենք երբևէ նյութի համար պայքարե՞լ ենք, մենք պայքարել ենք գաղափարի համար, ծրագրերի համար։ Նույն էլ այստեղ։ Այս տարի ես կարողացա այդ 500 անգամ բարձրացածը փակել Հայէկոնոմբանկից վերցրած գումարով և երեխաներիցս վերցրած գումարներով։ Փառք Աստծո, Աստված ինձ կարգին երեխաներ է տվել։ Իմ մեծացրած 12 12 երեխաներից 7–ը հիմնականում այստեղ են, ով ինչով կարողացավ օգնեց։ Բնական է, որ մեծահասակ մարդը իր զավակների օգնությունը բնականոն համարի, բայց ես չեմ ուզում, ես անկախության կողմնակից եմ եղել, սիրում եմ իմ անկախությունը, ես սիրում եմ ինքս օգտակար լինել»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ժամանակին ինքն առաջարկել էր կառավարությանը գնել իր առանձնատունը և թանգարան կառուցել, Հայրիկյանն ասաց. «Այդ ժամանակ գնելու մասին չէր այնքան խոսքը, որքան նվիրելու։ Այն ժամանակ դեռ գույքահարկերի հարցը այսպես սուր չէր դրված։ Ասենք, 3 միլիոն դոլար արժեցող տարածք ես նվիրում, և շինություններ, մի քանի տասնյակ միլիոն արժեքներ, այնտեղ ես ունեմ առարկաներ, որ ոչ ոք վաճառել չի կարող, բայց եթե ես աճուրդի հանեմ, առնվազն 10 միլիոն դոլար կստանամ այն պատվո տախտակի համար, որտեղ գրված է, որ 300 միլիոն մարդու ազատագրումը սկսեց ձեզնով։ Հիմա այդ բոլորը մի կողմ, ես ասում էի, որ նվեր եմ տալիս մի պայմանով, որ դարձնեն անկախության և ժողովրդավարության թանգարան։ Սրանք չհասկացան, որ Հայաստանը, որը ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է, չունի դրան նվիրված որևէ կառույց: Իսկ սա իր հատկապես արխիվային նյութերով շատ օգտակար կարող էր լինել:
Իմիջիայլոց այսօր գրեցի Նիկոլ Փաշինյանին՝ «Դու, որպես պետության ղեկավար, հայտարարեցիր, չէ՞, մեծահասակների հերն էլ անիծած թող կորեն գրողի ծոցը, նաև իմ: Չեն կարողանում վճարել գույքահարկը, թող վաճառեն, գնան որևէ տեղ: Այ հիմա ես վաճառում եմ: Այստեղ կարելի էր հանգիստ ասել՝ ստոր արարած, ես վաճառում եմ, չի վաճառվում: Հարյուրավոր մարդիկ են հարցրել, բայց հիմա չի վաճառված: Դե արի գնի: Դու չարագործություն էիր կատարում և առաջարկում էիր փրկարար լուծում: Ես հիմո որպես վերջին հետին տականքի եմ դիմում՝ արի գնի, բա ինչի՞ չես գալիս գնելու։ Բայց էս զայրույթս ինձ հանգեցրեց մեկ այլ գաղափարի, եթե այնուամենայնիվ Հայաստանի կառավարություն կոչված կոռուպցիոն հանցախումբը, տականքների խումբը, հանկարծ մարդ դառնա, որ ես երազում եմ, որ մեր երկիրը ղեկավարեն մարդկային արժեքներով ապրող անձինք, ու ասեն՝ գիտես, պետություն նե գնում ու բայց պիտի դարձնի թանգարան, այդ դեպքում մի հատ էլ կկիսեմ։ Հիմա ես վաճառքի եմ դրել կես գնով, բայց եթե կառավարությունը գնի այդ նպատակով, մի հատ էլ կկիսեմ, այսինքն կվաճառեմ շուկայական գնի 25 տոկոսով»։
Հարցին՝ ի՞նչ գնով է հիմա վաճառում իր առանձնատունը, Հայրիկյանը պատասխանեց. «Մասնագետները գնահատել են 3 մլ 400 հազար, ամեն ինչով շինություններ և այլն։ Ես ասացի՝ համարում եմ 3 մլ 200 հազար, դա կիսելով առաջարկել էի 1 մլ 600 հազար։ Հիմա մարդիկ կան, որ ուզում են գալ, տեսնել։ Իսկ եթե նայում ես նյութերը, որոնք դրա հետ պիտի տամ, դա նշանակում է ս 10%-ից էլ պակաս եմ տալիս։ Շատ մեծ արժեքներ կան ազգային հերոսների, Գարի Կասպարովի նամակագրություն, Վասլավ Հավել, ամերիկյան սենատորների հետ նամակագրություն»,–ասաց նա։











