Երեւան-Սեւան ճանապարհի 28-րդ կիլոմետրին, մոտ երեք տասնյակ մեքենաներ հայտնվել են ձնաբքի մեջ: Այս մասին դեպքի վայրից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:

«ՃՈ 2-րդ սպայական գումարտակի անձնակազմն` իմ գլխավորությամբ, Տրանսպորտի եւ կապի նախարարության ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ միասին կարողացել ենք  այդ մեքենաները հանել ձյան տակից, մնացել է մի քանի մեքենա»,-հավաստիացրել է Արշակյանը:

Իր ցուցումով Արզնիի եւ Սեւանի հատվածից փակել են ճանապարհը, քանի որ սարից մեծ քանակությամբ ձյուն է թափվել եւ քամու եւ ձնաբքի պատճառով կարող է մեքենա մնալ ձյան  տակ:  «Ամբողջ տեխնիկան այնտեղ է,  ոստիկանության 2-րդ գումարտակի եւ 9-րդ վաշտի անձնակազմի հետ միասին այնտեղ ենք: Քամին դադարելուն պես տեխնիկան կսկսի մաքրել ճանապարհը: Իմ ցուցումով փակվել է նաեւ Երասխավան-Երեւան ճանապարհը, որտեղ սակայն ձնաբքի հետեւանքով մեքենա չի մնացել ձյան տակ: Ճանապարհը  բաց է, ուղղակի փակել ենք, որ երթեւեկություն չլինի, ու ժողովուրդը չհայտնվի ձնաբքի մեջ»,-ասել է Արսեն Արշակյանը:

Նա հավաստիացրել է, որ  ցրտից տուժածներ չկան:  Ցրտահարված քաղաքացիներին աջակցել են ոստիկանական մեքենաներում տաաքացնելով, հիվանդանոց ոչ ոք չի տեղափոխվել:

«Մեր ճանապարհային ոստիկանության մեքենաներով, տեխնիկաներով ենք նրանց քաշել հանել: Ով որ մրսել էր, նստեցրել ենք  ՃՈ մեքենաներում, ոչ մեկին ոչինչ, բարեբախտաբար չի եղել»,- ամփոփել է Արշակյանը: