Երեքշաբթի օրը Օսլոյում սկսվել է Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի որդու՝ 29-ամյա Մարիուս Բորգ Հոյբիի դատավարությունը, որը մեղադրվում է տասնյակ հանցագործությունների մեջ, հաղորդում են երկրի լրատվամիջոցները։
Մասնավորապես, Հյոյբին մեղադրվում է 38 հանցագործության մեջ, այդ թվում՝ չորս բռնաբարության, ընտանեկան բռնության, թմրամիջոցների հետ կապված ծանրացուցիչ հանցանքների, մահվան սպառնալիքների, դատական արգելանքի կարգի խախտման, ինչպես նաև այլ իրավախախտումների մեջ, գրում է նորվեգական NRK հանրային հեռարձակողը:
Միևնույն ժամանակ, ըստ նորվեգական Verdens Gang թերթի տվյալների, պետական դատախազ Ստուրլա Հենրիքսբյոն հայտարարել է, որ ոստիկանությունն այժմ հետաքննում է Հյոյբիի դեմ ուղղված նոր մեղադրանքներ: «Եթե մեղադրանքներ առաջադրվեն, հարց է առաջանում՝ արդյոք արժե՞ դրանք ներառել այս գործի մեջ», - ասել է Հենրիքսբյոն:
Նրա խոսքով՝ գործը քննվելու է սովորական ընթացակարգով, անկախ այն հանգամանքից, որ մեղադրյալը թագավորական ընտանիքի անդամներից է։
Հայցվորները վեց կին են և մեկ տղամարդ։ Դատավարությունը մասամբ անցկացվելու է դռնփակ։ Գործընթացը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Նորվեգիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. դրան հետևում են ԶԼՄ-ների շուրջ 200 ներկայացուցիչներ։
Հյոյբին Մետտե-Մարիտի ավագ որդին է՝ նախկին հարաբերություններից և գահաժառանգ արքայազն Հակոնի խորթ որդին։ Նա չունի թագավորական տիտղոս կամ պաշտոնական պարտականություններ։ Հյոյբին գտնվում է հսկողության տակ այն բանից ի վեր, երբ 2024 թվականին նրան մի քանի անգամ ձերբակալել են մի շարք իրավախախտումների կասկածանքով։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է կիրակի օրը։ Ինքը՝ Հյոյբին, հերքում է իր մեղքը ամենածանր հանցագործությունների մասով։
Եթե Հյոյբին մեղավոր ճանաչվի բոլոր կետերով, նրան կարող է մինչև տասը տարվա ազատազրկում սպառնալ։




























