Սիրիայի Հալեպ քաղաքում, այսօր` փետրվարի 10-ին, տեղի ունեցած կրկնակի պայթյունների հետեւանքով զոհերի մեջ կա մեկ հայ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հալեպում Հայաստանի հյուպատոսության տեղեկատվության համաձայն, Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է մեկ հայ. Վիգեն Հայրապետյանը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սիրիական խոշոր Հալեպ քաղաքի կենտրոնում, այսօր` փետրվարի 10-ին, երկու պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում, վերջին տվյալներով, մահացել է 28 մարդ, եւս 175-ը վնասվածքներ են ստացել:

Ահաբեկչություններն ուղղված են եղել ռազմական հետախուզության գրասենյակի դեմ, սակայն պայթյունի արդյունքում զոհվել են նաեւ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաեւ երեխաներ, որոնք խաղալիս են եղել հարեւան բակում:

Ավելի ուշ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակն իր վրա է վերցրել պայթյունների շարքի համար պատասխանատվությունը: