ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փետրվարի 9-ին, կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ` Իռլանդիայի ԱԳ նախարարի բրիֆինգը, որի ընթացքում ներկայացվել են ԵԱՀԿ իռլանդական նախագահության գերակայությունները: Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտություններին, ԼՂ հիմնախնդրի առթիվ Նախարար Գիլմորը մասնավորապես նշել է, որ ողջունում է ԵԱՀԿ ՄԽ շարունակական ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ակնկալում է սերտորեն համագործակցել ՄԽ համանախագահների հետ:
ԱԽ անդամ երկրներն բացառությամբ Ադրբեջանի իրենց աջակցություն են հայտնել առաջիկա տարվա ընթացում ԵԱՀԿ նախագահության նշված գերակայություններին եւ հակամարտություններին լուծում գտնելու Իռլանդիայի հանձնառությանը: Միակ դժգոհ ելութը հնչեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը: Ի պատասխան այդ ելույթի, ՄԱԿ ԱԽ անդամներին է տարածվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, որում մասնավորապես ասված է.
«Ցավալի է, որ Ադրբեջանը, լինելով Անվտանգության Խորհրդի նորընտիր ոչ մշտական անդամ, օգտագործում է այդ հնարավորությունը ներկայացնելու միակողմանի տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը ոչ միայն հեռու է իրականությունից, այլեւ ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների ոգուն։
Ադրբեջանի հայտարարությունը ամբողջովին հակասում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի Նախագահների՝ հենց անցած ամիս Սոչիում արված հայտարարության ոգուն, որում ընդգծվում էր կողմերի պատրաստակամությունը արագացնելու միջնորդների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ընդունումը։
Ո՞րն է ադրբեջանական փորձի իմաստը՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներ սկսելու Անվտանգության Խորհրդում, թե փոփոխել ԵԱՀԿ կողմից ընդունված եւ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում եւ հայտարարություններում երկար ժամանակ օգտագործվող տերմինաբանությունը։ Օգտագործել ճիշտ տերմինաբանությունը՝ հակամարտության արմատները նկարագրելու համար մի բան է, իսկ օգտագործել տերմինաբանությունը փաստերը կեղծելու եւ իրականությունը խեղաթյուրելու համար, լիովին այլ բան է։
Դժբախտաբար, Ադրբեջանի այսպիսի վարքագիծը հաստատում է, որ այդ երկրի համար միակ ուղեցույցը եղել եւ մնում է այս հեղինակավոր ամբիոնի օգտագործումը կեղծ փաստեր տարածելու, ապատեղակատվություն սփռելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սխալ կերպով ներկայացնելու համար։ Թեեւ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի առաջ տրված իր խոստմանը՝ «պահպանելու միջազգային խաղաղությունը», Ադրբեջանը շարունակաբար սպառնում է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, ինչպես նաեւ իր ղեկավարությունը ամեն օր «սուր է ճոճում» եւ դրամատիկ կերպով մեծացնում իր ռազմական բյուջեն, շարունակում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում հրադադարի խախտումները, համակարգված կերպով վանդալիզմի ակտեր է իրականացնում հայկական պատմական եւ մշակութային ժառանգության նկատմամբ եւ այս ցանկը կարելի է շարունակել։
Ի պատասխան վերջին երկու տարիներին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահների արված կոչերի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը դրականորեն են պատասխանել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու, հրադադարի ամրապնդման, շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկներին։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է մերժել դիպուկահարների հետ քաշման եւ հրադադարի ամրապնդման առաջարկները եւ շարունակում է խոչընդոտել հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի Նախագահների կողմից G8-ի գագաթաժողովներին Լ՛Ակվիլայում (2009), Մուսկոկայում (2010) եւ Դովիլում (2011) արված համատեղ հայտարարություններից հետո Հայաստանը ողջունել է դրանք եւ հայտարարել, որ պատրաստ է առաջ շարժվել այդ հայտարարություններում նշված սկզբունքների եւ տարրերի հիման վրա։ Դա ապացուցում է, որ միջազգային հանրության մոտեցումները համապատասխանում են Հայաստանի մոտեցումներին։
Ինչո՞ւ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը չհիշատակեց այդ հայտարարություններն իր ելույթում։ Պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դրանք։
Միգուցե Անվտանգության Խորհրդում նորընտիր Ադրբեջանը պետք է հարգի այդ մարմնի աշխատանքը եւ նրա անդամներին` ձեռնպահ մնալով սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից»:




























