Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները պետք է մտահոգեն բոլոր քրիստոնյաներին, Երևանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Քրիստոնեական Համերաշխության Միջազգային կազմակերպության (Christian Solidarity International) ղեկավար Ջոն Այբները։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին խոչընդոտում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը. «Կարող է թվալ, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է կատարել խաղաղության հանգեցնող ցանկացած պայման։ Ինչպես ասել է արքեպիսկոպոս Բագրատը, այսպիսով Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ»։
Ըստ նրա, Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումը, հետևաբար, կարող է լինել քաղաքակրթական պայքարի դրսևորում։ «Հարցն այն է՝ արդյոք Հայաստանը կշարունակի սպասարկել Հայոց ցեղասպանության զոհերի, ցեղասպանությունը վերապրածների կամ վերջերս էթնիկ զտումներ ապրածների շահերը։ Տրամաբանական արդյունքն այն է, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն և կկլանվի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Սա պայքար է քաղաքակրթության դեմ և պետք է մտահոգի բոլոր քրիստոնյաներին»,- հիշեցրել է Այբները։
Պատասխանելով Սամվել Կարապետյանի ձերբակալության դրդապատճառների մասին հարցին՝ նա նշել է, որ Սամվել Կարապետյանն ակնհայտորեն քաղբանտարկյալ է և ձերբակալվել է Հայ Առաքելական եկեղեցուն ցուցաբերած բարոյական, և նույնիսկ ավելի շատ՝ նյութական աջակցության համար։ Նա իրավիճակը համեմատեց ժամանակին բոլշևիկների վարքագծի հետ։ «Խոսքը միայն ձերբակալությունների մասին չէ, այլև մասնավոր բիզնեսի ազգայնացման»,- նշել է Այբները։
Նա նշել է, որ չի հանդիպել կաթողիկոսից երես թեքած 10 բարձրաստիճան քահանաների հետ, սակայն ուսումնասիրում է բոլոր լրատվամիջոցների հրապարակումները՝ օբյեկտիվությունը պահպանելու համար։





























