Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես` ՄԻՊ-ը որևէ դիրքորոշում չեն հայտնել: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ է դառնալու: Սպասվող ընտրությունների շեմին դա բացասաբար է անդրադառնալու իշխանության վարկանիշի վրա:
Իսկ ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այս տեսանյութի առնչությամբ: Պետք է հանդես գան կոնկրետ հարցադրումներով և ձևակերպեն համակարգային դարձած այս խնդրի արմատական լուծման հրամայականը:
Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ: Կլիներ, այն ինչ եղավ Սամվել Վարդանյանի հետ երկու տարի առաջ պատահած խոշտանգման դեպքով, երբ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրան ուղեկցող ոստիկանները պաշտոնեական առաջխաղաղացման արժանացան»։
Հ. Գ. Շուտով բոլորելու է Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգման դեպքի անարդյունք քննության 2-րդ տարին»։
Նշենք, որ այս դեպքին արձագանքել է միայն ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, ով նշել է. «ՆԳՆ-ից անդրադարձել են տարածված տեսանյութին, ըստ որի՝ «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարվածում են քաղաքացուն՝ իբր ցուցմունք կորզելու համար։
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։




























