Հայաստանում 2025 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 170 քաղաքացի։ Այս մասին փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա վերահաստատել է, որ համաներում չի պլանավորվում, քանի որ շեշտը դրվում է պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) համակարգի կատարելագործման վրա: Ըստ նրա՝ եթե 2025 թվականին ՊՎԱ-ով ազատվել է 170 քաղաքացի, ապա նախորդ տարում այդ թիվը կազմել է 138: Միաժամանակ աշխատանքներ են տարվում պատիժների կրման պայմանների բարելավման և այլ գոտիներ տեղափոխման ուղղությամբ: Ինչպես հայտնել է նախարարը, ներկայումս քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվում է 2869 անձ, որոնցից 1406-ը կալանավորվածներ են, իսկ մնացածը՝ դատապարտյալներ:

Պատասխանելով ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատման մասին հարցին՝ Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նման 5-6 դեպք կա և նրանք բոլորն ազատ են արձակվել 2018 թվականից հետո։ Սակայն, ըստ նրա, կան նաև դեպքեր, երբ ազատ արձակված քաղաքացին ենթադրաբար նոր իրավախախտում է կատարել և դա ստվեր է գցում ողջ գործընթացի վրա։