Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը կարգելի մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Կառավարության ղեկավարն այս մասին ելույթ է ունեցել Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի լիագումար նիստում։
«Պլատֆորմները պարտավոր կլինեն ներդնել տարիքի ստուգման արդյունավետ համակարգեր՝ ոչ թե պարզապես ձևականության համար, այլ իրական արգելքներ, որոնք գործում են»,- ընդգծել է նա։ Իսպանիան կպաշտպանի անչափահասներին «թվային Վայրի Արևմուտքից», խոստացել է Սանչեսը։
Ինչպես սպասվում է, արգելքը կհաստատվի Իսպանիայի Նախարարների խորհրդի կողմից հաջորդ շաբաթ, հայտնում է Politico պարբերականը։ Նոր փոփոխությունն ուղղակիորեն կարգելի մինչև 16 տարեկան օգտատերերին գրանցվել թվային հարթակներում։
Այս նորամուծությունը մի մասն է այն ավելի լայն միջոցառումների փաթեթի, որոնք, ըստ Սանչեսի, անհրաժեշտ են թվային տիրույթի նկատմամբ «վերահսկողությունը վերականգնելու» համար։ «Կառավարությունները պետք է դադարեն աչք փակել թունավոր բովանդակության տարածման վրա»,- հայտարարել է նա։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալական ցանցերի ղեկավարներին իրավական պատասխանատվության ենթարկելուն՝ անօրինական բովանդակության համար, ինչպես նաև ապատեղեկատվության, ատելության խոսքի կամ մանկական պոռնոգրաֆիայի ավելի խիստ վերահսկողությանը։
Մտահոգությունները, որ սմարթֆոններից և սոցցանցերից կախվածությունը բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեկան առողջության վրա, առկա են նաև այլ երկրներում։ Այսպես, Դանիան ավելի վաղ հայտարարել էր մինչև 15 տարեկան երեխաներին սոցցանցերից օգտվելն արգելելու պլանների մասին։ Եվրոպայի մակարդակով Եվրահանձնաժողովը վերջերս հայտարարել է, որ ստուգումներ կիրականացվեն՝ պարզելու համար, թե արդյոք այնպիսի հարթակներ, ինչպիսիք են YouTube-ը և Snapchat-ը, համապատասխանում են Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) պահանջներին, թե ոչ (անչափահասների պաշտպանության մասով)։
Փարիզը պնդում է նմանատիպ արգելք մտցնել արդեն սեպտեմբերին։ Պորտուգալիայում իշխող աջկենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը փետրվարի 2-ին ներկայացրել է օրինագիծ, որը կպարտավորեցնի մինչև 16 տարեկան երեխաներին ստանալ ծնողների համաձայնությունը՝ սոցցանցերից օգտվելու համար։
Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարին չլրացած անձանց համար։ Օրենքը, որն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից 2024 թվականի նոյեմբերին, ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 10-ի կեսգիշերից։



























